Գեներալ Սոլեյմանիի սպանությունը փոթորկել է աշխարհը
21.01.2020 | 00:54
Հիմարաբար կամ հետևանքները չգիտակցելո՞վ, թե՞ ամերիկյան ցինիզմով` համարելով, որ ԱՄՆ-ը գերտերություն է ու հզոր այնքան, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետևանքները և՛ իր, և՛ Միացյալ Նահանգների համար չեն կարող ունենալ որևէ նշանակություն, Դոնալդ Թրամփը ողջ աշխարհում պայթեցրել է հակաամերիկյան ռումբը: Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, թե Թրամփն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանը տալով, լիարժեքորեն չի կանխատեսել, գիտակցել այն հետևանքները, որոնք հաջորդեցին նշված ոճրագործությանը: Կանխատեսե՞լ է, թե՞ ոչ, հայտնի է միայն Թրամփին:
Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազաներին Իրանի հրթիռային հարվածները, Իրաքում գտնվող շիական կազմակերպությունների հարձակումներն այդ երկրում գտնվող ամերիկյան այլ ռազմաբազաների վրա, նրանց կողմից նույնիսկ Բաղդադի այն տարածքի հրթիռակոծումը, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի ու նրան դաշնակից այլ երկրների դեսպանատները, միջուկային գործարքի հիմնական կետերից վերջինից Իրանի հրաժարվելը` սոսկ մի մասն են այն հետևանքների, որոնք հաջորդեցին ու դեռ հաջորդելու են ռազմական ու պետական խոշոր գործիչ, Արևմտյան Ասիայում գործող ահաբեկչական խմբավորումների, այդ թվում նաև ԻՊ-ի դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունեցած գեներալ Սոլեյմանիի սպանությանը: Ամերիկյան ոճրագործության հետևանքներից մեկն էլ գրեթե ողջ աշխարհում հակաամերիկանության թերևս աննախադեպ խթանումն է:
Խիզախ գեներալի սպանության առնչությամբ ընդվզման, բողոքի ցույցերը գրեթե ողջ աշխարհում` Ճապոնիայից մինչև Իտալիա, Ավստրալիայից մինչև Հնդկաստան ու նույնիսկ մինչև Միացյալ Նահանգներ, հաջորդել են միմյանց: Գեներալի սպանության հենց հաջորդ օրն ԱՄՆ-ի 70 քաղաքների, ներառյալ՝ Վաշինգտոնի, հակապատերազմական ակտիվիստները և այլ քաղաքացիներ ցույցեր են իրականացրել` բողոքելով գեներալ Սոլեյմանիի սպանության դեմ:
Գեներալ Սոլեյմանիի սպանության և Իրանի հետ ցանկացած բախման դեմ բողոքի ցույցերը կազմակերպվել են «Վետերաններ հանուն խաղաղության», «Codepink», «Համապարփակ հակապատերազմական դաշինք», «Մուսուլմանների խաղաղության աջակիցներ», «Աշխարհն առանց պատերազմի», «Խաղաղություն և արդարություն դաշինք», «Համաշխարհային դիմադրություն և ձայն ընդդեմ բռնության» և «Կանանց արտաքին քաղաքականություն» խմբերի հրավերով:
Նույն օրը բողոքի ցույցեր են մեկնարկել Բրիտանիայի մայրաքաղաքում: «Դադարեցնել պատերազմը» անվամբ Բրիտանիայի ամենախոշոր հակապատերազմական կոալիցիայի կազմակերպմամբ Լոնդոնում հարյուրավոր քաղաքացիներ ցույց են անցկացրել վարչապետի նստավայրի դիմաց, բողոքելով Դոնալդ Թրամփի կողմից գեներալ Սոլեյմանիի ու նրա զինակիցների սպանության դեմ: Ցուցարարները Բրիտանիայի կառավարությունից պահանջել են դատապարտել ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական գործողությունը: Ցույցին մասնակցել են նաև Լեյբորիստական կուսակցության մի քանի բարձրաստիճան անդամներ: Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Մըքդենիելը հայտարարել է, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունն ագրեսիվ իմպերիալիզմի դրսևորում է, որն ապակայունացրել է Արևմտյան Ասիան:
Դարձյալ հունվարի 4-ին նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության դեմ բողոքի ցույցով ոտքի են ելել Հնդկաստանի Քաշմիրի բնակիչները:
Հունվարի 5-ին Միացյալ Նահանգների դեմ բողոքի ցույց են անցկացրել Հյուսիսային Կորեայի բազմահազար քաղաքացիներ: Նրանք ԱՄՆ-ի վերջին քայլի դեմ ուղղված երթ են անցկացրել Փհենյանում: Հյուսիսային Կորեայի ժողովուրդը կարևորել և ընդգծել է տարածաշրջանում ԱՄՆ-ի դավադրությունների դեմ միասնության անհրաժեշտությունը: Նկատի ունենալով բազմաթիվ պետությունների հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականության դավադիր բնույթը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները դադարեցնելու հանձնառությունը շարունակելու հիմք չի տեսնում:
Հունվարի 6-ին ԱՄՆ-ում շարունակվել են այդ երկրի նախագահի կողմից գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների սպանության դեմ բողոքի ցույցերը: Մասաչուսեթս նահանգի «Խաղաղության գործողություն» խմբի կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցները դատապարտել են Իրանի դեմ ուղղված Սպիտակ տան ռազմական գործողությունները և ԻՀՊԿ հրամանատարին ու նրա զինակիցներին սպանելու Դոնալդ Թրամփի հրամանը: Ցուցարարներն ընդգծել են Թրամփի կատարած քայլի անօրինական լինելու հանգամանքը, քանի որ նա այդ կապակցությամբ խորհրդակցություն չի անցկացրել Կոնգրեսի հետ:
Հնդկաստանի հսկողության տակ գտնվող Քաշմիրում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության դեմ համընդհանուր բողոքի ակցիաները շարունակվել են, բնակչության խիստ զայրացածությունն արտահայտվել է նույնիսկ ընդհանուր գործադուլով, որը սկսվել է հունվարի 4-ին: Հունվարի 7-ին քաշմիրցի բողոքարարները, Բադգամ և Բարամուլա շրջաններում հնչեցնելով «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները, կոչ են արել վրեժխնդիր լինել դիմադրության առանցքի նահատակների արյան համար:
Հունվարի 8-ին ԱՄՆ կոնգրեսականները ժողովրդին կոչ են արել մասնակցել Թրամփի ռազմատենչ քաղաքականության դեմ ուղղված ու հաջորդ օրը նախատեսված «Մենք դեմ ենք Իրանի դեմ պատերազմին» կարգախոսով բողոքի ցույցին: ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատական ներկայացուցիչ Պրամիլա Ջայապալը Թվիթերում գրել է. «Մենք պետք է դուրս գանք փողոցներ: Թրամփի ռազմական արկածախնդրությունը մեզ այս վիճակի մեջ է դրել: Նա պետք է վիճակը մեղմացնի, փրկի ամերիկացիների կյանքն ու փորձի դիվանագիտությամբ լուծել հարցերը: Սա շատ կարևոր ժամանակ է ամերիկացիների ձայնը լսելի դարձնելու համար»:
Հունվարի 9-ին և 10-ին Ճապոնիայի վարչապետի գրասենյակի և Տոկիոյում ԱՄՆ դեսպանատան առջև կայացած ցույցերի մասնակիցները վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ, դատապարտել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմի տանող քաղաքականությունը: Նրանք Ճապոնիայի կառավարությանը կոչ են արել չեղարկել Արևմտյան Ասիա զորուժ գործուղելու որոշումը:
Հունվարի 10-ին Հարավային Կորեայի հազարավոր բնակիչներ, Սեուլում մասնակցելով բողոքի ցույցի, նույնպես դատապարտել են Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականությունը: «Սպուտնիկ» գործակալության հաղորդման համաձայն, Հարավային Կորեայի 107 ՀԿ-ների անդամներ, հավաքվելով Սեուլում ԱՄՆ դեսպանատան առջև, վանկարկել են «Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմին ոչ ենք ասում» և «Հարավային Կորեան չպետք է մասնակցի ԱՄՆ-ի ռազմական գործողություններին» կարգախոսները: Որոշ ցուցարարներ պառկել են գետնին, իրենց ձեռքերով պահելով ցուցապաստառներ, որոնք խորհրդանշել են աշխարհում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները և այդ երկրի ռազմատենչ քաղաքականության զոհերին:
Հունվարի 11-ին Դոնալդ Թրամփի կնոջ ծննդավայր Սլովենիայում հրկիզել են ԱՄՆ-ի նախագահի ծիծաղելի փայտե արձանը: Ըստ «Washington Post»-ի հրապարակման, Թրամփի ութ մետր բարձրությամբ արձանը Սլովենիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղերից մեկում տեղադրվել էր 2018 թվականին: Ընդդիմադիր գյուղացիներն ավելի վաղ ասել էին, որ այրելու են արձանը, այդ պատճառով այն տեղափոխվել էր այլ վայր, սակայն այնտեղ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո այրվել է տեղացիների կողմից: ԱՄՆ-ի կողմից գաղութացված ու խամաճիկի վերածված Սլովենիայի ոստիկանությունը հետապնդում է նրանց, ովքեր հրկիզել են Թրամփի արձանը:
Հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի հազարավոր քաղաքացիներ և ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականության ընդդիմադիրներ բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնում: Նրանք դատապարտել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչախմբի ահաբեկչական քայլը և պահանջել ամերիկյան զորքերը դուրս բերել Արևմտյան Ասիայից: Բացի այդ, նրանք հավաքվել են BBC կորպորացիայի շենքի առջև և վանկարկել «Ո՛չ Թրամփին», «Ո՛չ պատերազմին» կարգախոսները: Գեներալի սպանությունից հետո սա Լոնդոնում բողոքի արդեն երրորդ միջոցառումն է եղել: Վաշինգտոնի ահաբեկչական քայլի ընդդիմադիրներն ավելի վաղ ցույցեր են անցկացրել Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի և, ինչպես վերն արդեն նշեցինք, վարչապետի գրասենյակի առջև: Նրանք միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել Վաշինգտոնի ահաբեկչական քայլը:
Հունվարի 12-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսության շենքի առջև համալսարանականները հանրահավաք անցկացնելով, իրենց զայրույթն են հայտնել գեներալ Սոլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ոճրագործության դեմ: Հարյուրավոր ավստրալացի ուսանողներ դատապարտել են լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, Իրաքի ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մեհդի ալ Մուհանդիսին ու նրանց զինակիցներին սպանելու Վաշինգտոնի ոճրագործության և ամերիկյան բանակի իրականացրած ահաբեկչության դեմ: Հակաամերիկյան հանրահավաքի մասնակիցներն Ավստրալիայի կառավարությանը կոչ են արել հարգել Իրաքի տարածքից օտարերկրյա զինծառայողների դուրսբերման կապակցությամբ այդ երկրի խորհրդարանի կայացրած որոշումը և կոալիցիայի կազմում գտնվող Ավստրալիայի ուժերը դուրս բերել և՛ Իրաքից, և՛ Սիրիայից:
Նույն օրը գեներալ Սոլեյմանիի սպանությունը դատապարտող հանրահավաք է տեղի ունեցել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Հանրահավաքի մասնակիցները բողոքել են գեներալ Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձակած հրամանի ու կատարված ոճրագործության դեմ: Ցույցի մասնակիցները պահել են Իրանի ու Իրաքի դրոշները, ինչպես նաև գեներալ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ Մուհանդիսի նկարները: Նրանք վանկարկել են «Մահ Ամերիկային» կարգախոսը: Ներկաները գեներալ Սոլեյմանիի և «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի նկարների վրա գրել են` «Նրանք հաղթեցին ԻՊ-ին»: Հանրահավաքին ներկա քաղաքացիները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Արդարություն և խաղաղություն. ո՛չ ահաբեկչությանը»:
Դարձյալ հունվարի 12-ին Իտալիայում բնակվող ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Հռոմում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց՝ դատապարտելու Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ ամերիկացիները ամաչում են գեներալ Սոլեյմանին սպանելու Թրամփի վարչակազմի հանցավոր, վախկոտ և մաֆիոզ գործողությունից, նրանք նաև կոչ են արել ամերիկյան զինուժը դուրս բերել Արևմտյան Ասիայից: Ցուցարարները հայտարարել են, որ Դոնալդ Թրամփը պետք է պատասխանատվության ենթարկվի Միջազգային քրեական դատարանում, քանի որ նրա իրականացրած հանցագործությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Նմանաբնույթ հանրահավաք է անցկացվել նաև Աթենքում:
Հունվարի 13-ին Լոնդոնում կայացած հակաահաբեկչական հանրահավաքում ունեցած ելույթում Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը քննադատել է ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլեյմանիի սպանությունը: Նա հայտարարել է. «Մի երկրի կողմից մեկ այլ երկրի նկատմամբ իրականացված նպատակաուղղված ահաբեկչության համար որևէ արդարացում չկա»:
Հավելենք, որ աշխարհի շատ մարդիկ մինչ գեներալ Սոլեյմանիի նկատմամբ պետական մակարդակով իրականացված ահաբեկչությունը և ամերիկա-իրանական հարաբերությունների վերջին լարվածության հետևանքով պատերազմի առաջացման վտանգը, տարբեր պատճառներով անվստահություն են հայտնել Թրամփի նկատմամբ: «Փիո» կենտրոնի կողմից աշխարհի 32 երկրներում վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ հարցվածների միջին հաշվով 64 տոկոսը չի վստահում գլոբալ հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշումներին:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 2
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ. 2
Մեկնաբանություններ